երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ևս չորս պատանդների մահվան մասին

Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ևս չորս պատանդների մահվան մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաստատել է ևս չորս պատանդների մահը, որոնք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից առևանգվել էին 2023 թ. հոկտեմբերի 7-ին իրականացված գրոհի ընթացքում: Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ նրանց մարմինները մինչև այժմ մնում են Գազայի հատվածում: Այդ մասին ԻՊԲ-ն հայտնել է իր Telegram ալիքում:

Զոհերը՝ 79-ամյա Հայմ Փերին, 80-ամյա Յորամ Մեցգերը, 84-ամյա Ամիրամ Կուպերը և 51-ամյա Նադավ Պոպլևելը, ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգվել էին Նիր Օզ և Նիրիմ բնակավայրերից։

Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ դեկտեմբերին գրոհայինները տեսանյութ էին հրապարակել Փերիի, Կուպերի և Մեցգերի մասնակցությամբ, իսկ մարտին հայտարարել էին, թե նրանք զոհվել են իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հրետակոծության հետևանքով։ Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ դերծովակալ Դանիել Հագարին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ պատանդների մահվան հանգամանքները դեռ պարզվում են։

Իսրայելական հետախուզության տվյալներով՝ նրանք զոհվել են մի քանի ամիս առաջ։

Իսրայելը հարձակում է սկսել Գազայի հատվածում 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ էր զոհվել, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 36 400 պաղեստինցի է զոհվել։

  • Կիսվել: