Իսրայելը հարվածել է Եմենի Սանա քաղաքին
Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում և Ալ-Ջաուֆ նահանգում գտնվող հութիների օբյեկտներին: Այս մասին տեղեկանում ենք բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Մասնավորապես նշվում է, որ հարվածներ են հասցվել հութիների ռազմական թիրախներին, այդ թվում՝ զինյալների ռազմական ճամբարներին, հասարակայնության հետ կապերի ռազմական շտաբին և վառելիքի պահեստին։ Դա եղել է հութիների կողմից Իսրայելի տարածքի հրետակոծության պատասխանը:
Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Սանայում գործել են Իսրայելի հարձակումներին հակազդող հակաօդային պաշտպանության համակարգերը: Լրատվամիջոցի տվյալներով՝ Իսրայելը նաև հարվածել է Ալ-Ջաուֆ նահանգի Ալ-Հազմ շրջանում գտնվող կառավարական համալիրին։


