հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Իսրայելը հարձակվել է Լիբանանի երկու բնակավայրերի վրա. աղբյուր

Իսրայելը հարձակվել է Լիբանանի երկու բնակավայրերի վրա. աղբյուր

 

Իսրայելի մարտական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Քֆարթեբնիթ և Այն Քանա բնակավայրերին, տեղեկացնում է լիբանանյան NNA-ն:

Գործակալությունը, մասնավորապես,  նշում է. «Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել Այն Քանայում գտնվող մի շենքի և երկու հրթիռով հարձակվել են Քֆարթեբնիթում ևս մեկ շենքի վրա՝ զգուշացման հրապարակումից 40 րոպե անց»։

Նշվում է, որ իսրայելական բանակն ավելի վաղ իր արաբալեզու տեղեկատվական հարթակներում զգուշացումներ էր հրապարակել Լիբանանի հարավում գտնվող երկու բնակավայրերին հարվածելու մտադրության մասին՝ քարտեզի վրա նշելով թիրախները և տեղի բնակիչներին կոչ անելով շտապ լքել նշված տարածքները։

Ըստ իսրայելական կողմի հայտարարության՝ թիրախները «Հեզբոլլահ» շարժման զենքի պահեստներ են։

Հավելենք, որ այսօր ավելի վաղ իսրայելական անօդաչու սարքերը մի քանի հարված են հասցրել Լիբանանի հարավին, այդ թվում՝ Անսարիա և ալ-Քալիլե բնակավայրերի միջև ընկած հատվածին, ինչի հետևանքով, ըստ Լիբանանի Առողջապահության նախարարության, մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։

Նշենք նաև, որ Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է պարբերաբար խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի համաձայնագրին։

  • Կիսվել: