Իսրայելը և Սիրիան մի քանի փուլով ուղիղ բանակցություններ են անցկացրել.FT
Իսրայելը և Սիրիայի նոր իշխանությունները վերջին շաբաթների ընթացքում ոչ հրապարակային ուղիղ բանակցությունների մի քանի փուլ են կազմակերպել՝ նպատակ ունենալով կարգավորել իրավիճակը երկու երկրի միջև, գրում Է Financial Times-ը ՝ վկայակոչելով անանուն արևմտյան դիվանագետներին և սիրիացի պաշտոնյայի:
«Սա միայն սկիզբն է։ Բանակցությունների հիմնական նպատակն էր կանխել բռնության բռնկումները և Իսրայելին ստիպել դուրս գալ Սիրիայի սահմանային տարածքներից», - ասել է թերթի աղբյուրներից մեկը։
Արևմտյան և արաբական երկրների դիվանագետները նշել են, որ Իսրայելը և Սիրիան նախկինում անուղղակի բանակցություններ են վարել ԱՄԷ-ի միջնորդությամբ։
Աղբյուրները նաև պնդել են, որ Իսրայելը փորձել է համոզել ԱՄՆ-ին չվերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ սիրիական ղեկավարության վրա ճնշման այդ լծակը պահպանելու նպատակով:
Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ Շարաայի հանդիպումը մայիսին ցուցադրեց ԱՄՆ-ի մտադրությունները Սիրիայի նկատմամբ և ստիպեց Իսրայելին ավելի շուտ սկսել գործել նույն ոգով, պարբերականին ասել է արևմտյան դիվանագետը:
Սիրիայի և Իսրայելի արտաքին գործերի նախարարությունները, ինչպես նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հրաժարվել են մեկնաբանել Financial Times-ի հրապարակումը: