երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելում հազարավոր ցուցարարներ շարունակել են բողոքի ակցիաները դատական բարեփոխումների դեմ

Իսրայելում հազարավոր ցուցարարներ շարունակել են բողոքի ակցիաները դատական բարեփոխումների դեմ

 Թել Ավիվում հազարավոր մարդիկ օգոստոսի 2-ի երեկոյան ցույցի են դուրս եկել դատական բարեփոխումների դեմ։ Բողոքի ալիքը չի մեղմանում այն բանից հետո, ինչ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունն անցյալ շաբաթ հաստատեց դատական բարեփոխումների շրջանակներում առաջին օրինագիծը։ Այս մասին տեղեկանում ենք «The Times of Israel»-ի հրապարակումից։

Ցուցարարները երթով շարժվել են դեպի ստորին ատյանի դատարանի շենք՝ իրենց աջակցությունը ցույց տալով դատական իշխանությանը։ Երթը գլխավորել են Իսրայելի նախկին արդարադատության նախարարները և Գերագույն դատարանի նախկին դատավորը։

Հուլիսի 24-ին Նեթանյահուն և կոալիցիայի նրա գործընկերները հաստատեցին բարեփոխումների փաթեթի առաջին օրինագիծը՝ այսպես կոչված «խելամտության օրենքը»․ այն արգելում է դատավորներին մերժել կառավարության այն որոշումները, որոնք դատարանը ոչ խելամիտ կհամարի։

Օրենքի դեմ միջնորդություններ են ներկայացվել Գերագույն դատարան։ Սեպտեմբերին գործը կքննի 15 դատավորից կազմված կոլեգիան։

Փաթեթի հաջորդ օրինագիծը, որ Նեթանյահուն մտադիր է հաստատել, կառավարությանը թույլ կտա ավելի մեծ ազդեցություն ունենալ դատավորների նշանակման գործում։

Իսրայելում դատական բարեփոխումների դեմ ցույցերը շարունակվում են արդեն 30 շաբաթ։ Քննադատները պնդում են, որ Նեթանյահուն փորձում է դատական բարեփոխումներն օգտագործել իր դեմ հնարավոր վճիռները տապալելու համար․ նրա դեմ կոռուպցիայի մեղադրանքներ են առաջադրվել։

Իր հերթին Նեթանյահուի կառավարությունը պնդում է, որ դատական բարեփոխումներն անհրաժեշտ են իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը պահելու համար։

  • Կիսվել: