Իսրայելում բողոքի զանգվածային ցույցեր են կազմակերպվել
Իսրայելում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել զինվորական ծառայության դեմ, տեղեկացնում է Haaretz-ը՝ նշելով, որ մոտ 200 հազար ուլտրաուղղափառ հրեաներ դուրս են եկել Երուսաղեմի փողոցներ։
Բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են պահպանել կրոնական ուսանողներին զինվորական ծառայությունից ազատող օրենքը։
Բողոքի ցույցն ուղեկցվել է հրկիզումներով, ճանապարհների արգելափակումներով եւ ոստիկանության հետ բախումներով։ Անվտանգության մոտ 2 000 աշխատակիցներ մասնակցել են կարգուկանոնը պահպանելու գործողությանը։ Ցույցի ժամանակ տանիքից ընկնելուց հետո 15-ամյա մի տղա մահացել է։
Ինչպես հաղորդվում է՝ բողոքի ցույցը սկսվել է Իսրայելի Գերագույն դատարանի 2024թ․ ամռանը կայացրած որոշումից հետո, որով հավատացյալ ուսանողների համար նախատեսված բացառություններն այլեւս ուժի մեջ չեն։
2023թ․ հոկտեմբերին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկսվելուց հետո Իսրայելի բանակը բախվել է զինվորների պակասին, եւ հազարավոր հավատացյալներ ստացել են զորակոչի ծանուցումներ։ Ոմանք արդեն ձերբակալվել են ներկայանալուց հրաժարվելու համար։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է օրենք ընդունել, որը կազատի ուլտրաուղղափառ տղամարդկանց զորակոչից, սակայն այն դեռեւս չի ընդունվել։


