հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թել Ավիվում  կրկին զանգվածային բողոքի ցույցեր են․ մասնակցել է 110 000 մարդ

Թել Ավիվում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են․ մասնակցել է 110 000 մարդ

Թել Ավիվում կրկին բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ կառավարության դատական բարեփոխումների: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ մանրամասնելով, որ նախկինում ցույցը կասեցվել էր։ 

Հրատարակության տվյալներով՝ շաբաթ բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 110 000 մարդ։ Մինչդեռ ակցիայի կազմակերպիչները հայտնել են 165 000 մասնակցի մասին։ 

Բողոքի ակցիան անցկացվել է նաև երկրի այլ քաղաքներում՝ Երուսաղեմում, Հայֆայում և Հոդ Հաշարոնում։

Հունվարի 4-ին Իսրայելի արդարադատության նախարար Յարիվ Լևինը ներկայացրել է Իսրայելում դատական բարեփոխումների ծրագիրը։ Այն ենթադրում է կառավարությանն անսահմանափակ վերահսկողություն տալ դատավորների նշանակման հարցում և նվազեցնել Գերագույն դատարանի լիազորությունները: Բարեփոխման հակառակորդները օրինագծի հեղինակներին մեղադրել են իշխանությունՆ  իշխող կուսակցության ձեռքում կենտրոնացնելու մտադրության համար։ Այդ ժամանակից ի վեր բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը շարունակվել են, սակայն դրանք սրվել են մարտի 26-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունից հետո, ով քննադատել էր բարեփոխումները։ Մարտի 27-ի գիշերը ցուցարարները փակել են նաև Այալոնի մայրուղին և փորձել ներխուժել Երուսաղեմում գտնվող վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայր։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ այն ժամանակ բողոքի ակցիաներին մասնակցել է 600 000-700 000 մարդ։ 
 
Նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը և Իսրայելի նախագահ Իհցակ Հերցոգը կոչ են արել դադարեցնել բարեփոխումները: Մարտի 27-ին Նեթանյահուն և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը պայմանավորվել են հետաձգել դատաիրավական բարեփոխումների մասին օրենքի քննարկումը մինչև մայիսին մեկնարկող խորհրդարանի ամառային նստաշրջանը։ Նեթանյահուն ընդգծել է, որ ցանկանում է «կանխել հասարակության պառակտումը»։

  • Կիսվել: