Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հրադադարի հաստատումից հետո միմյանց մեղադրել են այն խախտելու համար
Հոկտեմբերի 13-ին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրման, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գերիների ու պահվող անձանց փոխանակման ֆոնին ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար:
Ինչպես հայտարարել է Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, անհայտ անձինք հատել են համաձայնեցված «դեղին գիծը» և մոտեցել Գազայի հյուսիսում գտնվող իսրայելական ուժերին, որոնք ստիպված են եղել կրակ բացել:
Իր հերթին ՀԱՄԱՍ-ը պնդել է, որ ՑԱԽԱԼ-ը մի քանի պաղեստինցու է սպանել: Շարժումը կոչ է արել միջազգային դերակատարներին ուժեղացնել իսրայելական ուժերի նկատմամբ մշտադիտարկումը:
Նշենք, որ ավելի վաղ Կատարի վարչապետի խորհրդականը հայտարարել էր, որ կարգավորման ամերիկյան ծրագրի վերջնական իրականացման համար հարկավոր է համատեղ ջանքեր գործադրել: «Դեռ շատ մարտահրավերներ կլինեն»,- ընդգծել է պաշտոնյան և տեղեկացրել, որ Եգիպտոսում շարունակվում են խաղաղության բանակցությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան կարող էր հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, սակայն հաջողվել է դրանից խուսափել: ԱՄՆ նախագահը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին համախմբվել և հասնել համընդհանուր տարածաշրջանային խաղաղության:


