Իսրայելն ինքն է որոշում իր անվտանգության քաղաքականությունը և այն, թե օտարերկրյա ո՛ր ուժերի հետ է համագործակցում. Նեթանյահու
Իսրայելը՝ որպես ինքնիշխան պետություն, ինքն է որոշում իր անվտանգության քաղաքականությունը և այն, թե օտարերկրյա ո՛ր ուժերի հետ է համագործակցում: Այս մասին այսօր նախարարների կաբինետի նիստի սկզբում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է Reuters-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք վերահսկում ենք մեր սեփական անվտանգությունը և հստակ հասկացրել ենք միջազգային ուժերին, որ Իսրայելը ինքն է որոշում, թե որ ուժերն են մեզ համար անընդունելի, և հենց այդպես էլ գործում ենք ու շարունակելու ենք գործել: ԱՄՆ-ն, իհարկե, համաձայն է այդ մոտեցմանը, ինչպես վերջին օրերին հայտարարել են նրանց ամենաբարձր մակարդակի ներկայացուցիչները»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը դեմ է Թուրքիայի ուժերի տեղակայմանը Գազայի հատվածում՝ հաշվի առնելով Անկարայի աջակցությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը։
Բացի դրանից՝ հաղորդվել է նաև, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել տեղակայել իր զորքերը այդ անկլավում։


