շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իսրայելն ԱՄՆ-ին հայտնել է, որ Իրանին անհապաղ պատասխան հարված հասցնելու անհրաժեշտություն չի տեսնում. The Washington Post

Իսրայելն ԱՄՆ-ին հայտնել է, որ Իրանին անհապաղ պատասխան հարված հասցնելու անհրաժեշտություն չի տեսնում. The Washington Post

Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին հավաստիացրել են, որ անհրաժեշտ չեն համարում Իրանի վրա անհապաղ հարձակվելը՝ ի պատասխան Թեհրանի հրթիռային հարվածի: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ վարչակազմի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնց անունը չի նշվում, հոկտեմբերի 2-ին հայտնել են, որ Իսրայելի պաշտոնատար անձինք մասնավոր կերպով պարզաբանել են, որ իրենք Իրանին անհապաղ կամ լայնամասշտաբ պատասխան հարված հասցնելու անհրաժեշտություն չեն տեսնում:

Սակայն ԱՄՆ-ն և Եվրոպան վախենում են, որ Իսրայելը կարող է գրոհել Իրանի «տնտեսական թիրախների վրա»: Եվրոպական երկրներից մեկի բարձրաստիճան ներկայացուցիչը թերթին ասել է, որ Թեհրանը վաղուց հստակեցրել է՝ գրոհը նավթի և գազի ոլորտի օբյեկտների վրա իր համար կդառնա «կարմիր գիծ»:

Ավելի վաղ Axios-ը գրել էր, որ Իսրայելը կարող է թիրախավորել իրանական կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ նավթի արդյունահանման օբյեկտները։

Ըստ The Washington Post-ի՝ Վաշինգտոնն Իսրայելի իշխանություններին համոզում է հավասարակշռված պատասխան տալ, սակայն Եվրոպայում անհանգստացած են, որ ԱՄՆ-ն կարող է բավականաչափ ճնշում չգործադրել Իսրայելի վրա։

Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմը բացատրում է, որ թեև Իսրայելի իշխանությունները մտադրվել են զուսպ գործել Իրանի նկատմամբ, սակայն որոշումների կայացման գործընթացին կարող են միջամտել ներքաղաքական գործոնները։

Ըստ Reuters-ի՝  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի սատարի Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, եթե Իսրայելը պատասխանի Թեհրանի հարձակմանը։ Նա կոչ է արել Իսրայելին գործել «համաչափ»։

Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել է։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։   

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Թեհրանի հոկտեմբերի 1-ի հարվածին՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»։ Իրանն իր հերթին նախազգուշացրել է, որ եթե Իսրայելը պատասխան միջոցներ ձեռնարկի, ապա Թեհրանի պատասխանն ավելի անողոք կլինի։

 

  • Կիսվել: