Իսրայելի վարչապետը բանակին հրամայել է թիրախավորել հութիների ռազմավարական օբյեկտները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացն Իսրայելի պաշտպանության ուժերին հրամայել են թիրախավորել Եմենում հութիների ռազմավարական օբյեկտները։ Այս մասին Նեթանյահուն հայտարարել է խորհրդարանում իր ելույթի ժամանակ, տեղեկաացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին օրերին պաշտպանության նախարարի հետ հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին ճշգրիտ հարվածներ հասցնել հութիների ռազմավարական թիրախներին: Մենք ոչնչացրել ենք ահաբեկչական զգալի ակտիվներ, որոնք օգտագործել են հութիները: Սա առաջին և ոչ վերջին հարձակումն է»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին իսրայելական բանակը հայտնել է, որ Եմենից հրթիռային հարձակում է արձանագրել երկրի կենտրոնական հատվածի վրա և մեկ հրթիռ է որսացել։ Գետնին ընկած բեկորները լրջորեն վնասել են Թել Ավիվի արևելյան արվարձանում գտնվող Ռամաթ Գան քաղաքի դպրոցի շենքը: Նույն օրն իսրայելական զինվորականները հայտարարել են Եմենում Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների թիրախների, այդ թվում՝ Սանայում էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ օդային հարվածների մասին։