Իսրայելի նպատակն Իրանում իշխանափոխությունը չէ. ՌԴ-ում Իսրայելի դեսպան
Իսրայելի ռազմական գործողության նպատակն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական ղեկավարությանը հեռացնելը չէ: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։
«Ռեժիմը փոխելու նպատակ չկա։ Այս գործողության մեջ Իսրայելի նպատակը դա չէ», - հունիսի 16-ին լրագրողներին ասել է Գալպերինը։
Նրա խոսքով՝ Իսրայելի դիրքորոշման համաձայն՝ քաղաքական իշխանության հարցը պետք է որոշի «Իրանի ժողովուրդը»։
Բացի այդ, Իսրայելը գործողության ստույգ ժամկետներ և գործողության սահմաններ չի դնում, հայտարարել է դեսպանը։
«Իսրայելը ժամկետներ չի սահմանում…. Մենք սահմաններ չենք դնում Իրանի տարածքների առումով, որոնցից սպառնալիքներ են բխում, կամ որտեղ պահեստներ կան, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել Իսրայելի համար», - ասել է Գալպերինը։
Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով զոհվել է 224 մարդ, վիրավորվել՝ 1227-ը։ Նրանց 90%-ը քաղաքացիական անձինք են։ Զոհվել են նաև բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։
Իրանի պատասխան հարվածների հետևանքով Իսրայելում զոհվել է 24 մարդ, 287 մարդ վիրավորվել է։