շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսրայելի կողմից սպառնալիքը պահպանվում է. Իրանի բանակի գլխավոր հրամանատար

Իսրայելի կողմից սպառնալիքը պահպանվում է. Իրանի բանակի գլխավոր հրամանատար

Իրանը չի կարծում, որ Իսրայելի կողմից սպառնալիքը վերացել է։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին։
«Սիոնիստական թշնամին, պատրանքներ տածելով Իրանին վնասելու հնարավորության մասին, տարբեր դավադրություններ է ծրագրել։ Սակայն, տեսնելով Իրանի ժողովրդի դիմադրությունը, հասկացել է, որ ռազմավարական սխալ է թույլ տվել», – հայտարարել է Խաթամին, փոխանցում է IRNA-ն։
Նրա խոսքով՝ Իրանը պահպանել է այն հզորությունը, որն ապահովվում է հրթիռների և ԱԹՍ-ների հաշվին, և պատրաստ է գործողությունների։
 
«Ճիշտ այնպես, ինչպես մենք շարունակել ենք գրոհներն մինչև հրադադարի, այնպես էլ այժմ հաստատակամորեն մտադիր ենք առաջ գնալ պաշտպանական արդյունաբերության ոլորտում... նույնիսկ ավելի մեծ վճռականությամբ, քան նախկինում», – հայտարարել է իրանցի գեներալը:
2025-ի հունիսի 13-ի գիշերը Իսրայելը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու համար։ Իսրայելը հարվածների թիրախ էր հայտարարել ատոմային օբյեկտները, միջուկային ֆիզիկոսներին, ավիաբազաները։
Այնուհետև հունիսի 22-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը պետք է համաձայնի «վերջ դնել այս պատերազմին», հակառակ դեպքում կբախվի «շատ ավելի վատ հետևանքների»։
Ի պատասխան՝ Թեհրանը գործողություն էր սկսել Կատարում տեղակայված Վաշինգտոնի ռազմական բազաների դեմ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը ժամկետային սահմանափակում չունի և «կտևի հավերժ»։

  • Կիսվել: