շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափին 22 նոր բնակավայրի կառուցման ծրագիրը

Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափին 22 նոր բնակավայրի կառուցման ծրագիրը

Իսրայելն Արևմտյան ափին և Հորդանանի սահմանի մոտակայքում 22 նոր բնակավայր կկառուցի։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։

Բնակավայրերի հիմնումը համարվում է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի համատեղ նախաձեռնության մաս, որը հաստատվել է Իսրայելի կառավարության կողմից։

Իսրայելի Channel 14-ը, մեջբերելով պաշտպանության նախարար Կացի խոսքերը, նշել է, որ 22 նոր բնակավայրի կառուցումն Արևմտյան ափին կարևոր քայլ է Իսրայելի համար։

«22 նոր բնակավայր հիմնելու որոշումը ռազմավարական քայլ է, որը կանխում է պաղեստինյան պետության ստեղծումը։ Բնակավայրերի հիմնումն ամրապնդում է մեր վերահսկողությունն Արևմտյան ափի նկատմամբ», - նշել է Կացը։

Ֆինանսների նախարար Սմոտրիչը նույնպես կարևորել է նոր բնակավայրերի հիմնման նախաձեռնությունը։

«Բնակավայրերն Իսրայելի պաշտպանիչ վահանն են», - ասել է նա։

Al Jazeera-ն, վկայակոչելով պաղեստինյան կողմի հաղորդագրությունները, նշում է, որ Արևմտյան ափին վերաբնակիչների թիվը 2024 թվականի վերջին հասել է մոտավորապես 770 000-ի։ Նրանք տեղակայվել են 180 բնակավայրերում և 256 ֆորպոստներում։

ՄԱԿ-ը բռնագրավված պաղեստինյան տարածքներում բնակավայրերը համարում է անօրինական և զգուշացնում, որ դրանք խաթարում են հակամարտությունը երկու պետությունների (պաղեստինյան և իսրայելական) սկզբունքով լուծելու հնարավորությունները։ 

 

  • Կիսվել: