երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Իսրայելի հետ բանակցելու համար Լիբանանն ընդլայնված պատվիրակություն կուղարկի Հռոմ

Իսրայելի հետ բանակցելու համար Լիբանանն ընդլայնված պատվիրակություն կուղարկի Հռոմ

Լիբանանի ընդլայնված պատվիրակությունը երեքշաբթի օրը կմեկնի Հռոմ՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ բանակցությունների հերթական փուլին մասնակցելու համար, հայտնում է Al-Araby Al-Jadeed-ը։

Ըստ հաղորդագրության՝ պատվիրակությունը կգլխավորի դիվանագետ Սիմոն Քարամը։ Կազմում ընդգրկված են նաև Վաշինգտոնում Լիբանանի դեսպան Նադա Համադե Մուավադը, վեց հոգուց բաղկացած ռազմական պատվիրակությունը, իրավաբան Անտուան Սաֆիրը, սահմանազատման հարցերով փորձագետ Նաջիբ Մասիհին և Լիբանանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Ռավաա Հարաթին։

Նշվում է, որ պատվիրակության կազմը կարող է ընդլայնվել՝ կախված իրադարձությունների զարգացումից։

Պարբերականի տվյալներով՝ Բեյրութը ցանկանում է ապահովել Լիբանանի հարավում իսրայելական ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը և ձգտելու է համաձայնության հասնել երկրորդ «փորձնական գոտու» շուրջ, ինչը ճանապարհ կհարթի իսրայելական զորքերի դուրսբերման և լիբանանյան բանակի տեղակայման համար։

Իսրայելն ու Լիբանանը հունիսի 26-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթն ուղղված է ռազմական գործողությունների դադարեցմանը։ Պայմանավորվածությունները նախատեսում են իսրայելցի զինվորականների փուլային հեռացում և «պիլոտային գոտիներում» լիբանանցի զինծառայողների կողմից «Հեզբոլլահ» շարժման ջոկատների զինաթափում։ Դրանց մեջ են մտել Զաքթար ալ-Ղարբիա քաղաքի շրջանը, ինչպես նաև Ֆրուն և Սրիֆա գյուղերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: