երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելի և ԱՄՆ-ի զինվորականները համատեղ ռազմածովային զորավարժություններ են սկսել

Իսրայելի և ԱՄՆ-ի զինվորականները համատեղ ռազմածովային զորավարժություններ են սկսել

 Իսրայելը և ԱՄՆ-ն սկսել են համատեղ ռազմածովային զորավարժություններ, որոնց ընթացքում կմշակվեն բաց ծովում գործողությունների տարբեր սցենարներ, ներառյալ՝ նավերի գրավումը։ Այս մասին հաղորդել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ զորավարժություններն սկսվել են հուլիսի 30-ին և կտևեն երկու շաբաթ։ Դրանք կներառեն վարժանքներ ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինվորականները կիրականացնեն «ծովային տարածքում նավերի հայտնաբերում և հետևում, զննում, որոնողափրկարարական սցենարներ», կանցկացնեն «նավեր գրավելու կամ ահաբեկչական գործունեությանը պատասխանելու համատեղ վարժանքներ»:

Բացի այդ, զորավարժություններին կմասնակցեն զինվորական սուզորդներ, որոնք կմշակեն համատեղ ջրասուզումներ, ծովային ականների որոնում և չեզոքացում հեռակառավարվող ստորջրյա սարքերի միջոցով։ Տեղի կունենան նաև ռազմածովային բժշկության պարապմունքներ։

«Սրանք կարևոր զորավարժություններ են, որոնք  հնարավորություն են ընձեռում համատեղ վարժանքների, ռազմավարական և գործառնական հմտությունների բարելավման և (Իսրայելի և ԱՄՆ-ի) նավատորմների միջև համատեղ երկխոսության ամրապնդման համար: Բացի այդ, դրանք օգնում են զարգացնել տարածաշրջանային գործընկերություններն՝ ուղղված տարածաշրջանին սպառնացող վտանգների կանխմանը», - հայտարարել են իսրայելական բանակում:

  • Կիսվել: