շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքն օկուպացնելու ծրագիրը

Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքն օկուպացնելու ծրագիրը

Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը։ Ավելի վաղ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ, սակայն հաստատված պլանը կենտրոնանում է միայն պաղեստինյան անկլավի ամենամեծ՝ Գազա քաղաքի վրա։  Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ հրապարակման՝ Նեթնյահուի գրասենյակը հայտարարել է, որ Անվտանգության կաբինետի նիստին ներկայացվել է Գազա քաղաքն օկուպացնելու և պատերազմին վերջ դնելու հինգ սկզբունք։ Անվտանգության կաբինետը ձայների մեծամասնությամբ ընդունել է ծրագիրը։

«Իսրայելի պաշտպանության բանակը կնախապատրաստվի Գազա քաղաքն օկուպացնելու՝ միևնույն ժամանակ հումանիտար օգնություն ապահովելով մարտական գոտիներից դուրս գտնվող քաղաքացիական բնակչությանը», - նշված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ 

Այնուհետև ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։

Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել էր, որ ռազմական գործողությունների ընդլայնումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ պաղեստինցի քաղաքացիական անձանց և իսրայելցի պատանդների համար։

 

  • Կիսվել: