հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Իսրայելցի զինվորականները ներխուժել են Al Jazeera-ի գրասենյակ

Իսրայելցի զինվորականները ներխուժել են Al Jazeera-ի գրասենյակ

Զինված իսրայելցի զինվորները մտել են «Al-Jazeera» հեռուստաալիքի գրասենյակ Ռամալլա քաղաքում և աշխատակիցներին հրահանգել հեռանալ շենքից, հաղորդում է հեռուստաալիքը։

Զինվորականների խոսքով՝ գրասենյակը 45 օրով փակելու որոշումը կայացրել է դատարանը։

Al Jazeera-ի հայտարարության մեջ ասվում է, որ զինված, դիմակավորված զինվորները ներխուժել են գրասենյակ և աշխատակիցներից պահանջել են հավաքել իրենց տեխնիկան և անհապաղ հեռանալ: Դատարանի որոշման պատճառները զինվորականները չեն հայտնել։

Հիշեցնենք, որ մայիսին Իսրայելն արգելել էր Al-Jazeera-ին գործել իր տարածքում։ Սկզբում արգելքը նույնպես սահմանվել էր 45 օրով, սակայն հետագայում այն ​​երկարաձգվեց։

Հեռուստաալիքի լրագրողները դեռևս չեն կարողանում հաղորդումներ հաղորդել Իսրայելից։

Reuters գործակալությունն էլ գրում է, որ դրանից հետո եթերն ընդհատվել է։

Մայիսի սկզբին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելում կփակվի Al Jazeera հեռուստաալիքը: Այդ երկրի կառավարությունը հեռուստաընկերությանը մեղադրում է Իսրայելի արաբական բնակչությանը պետության և նրա բանակի դեմ բռնություն գործադրելու հրահրման մեջ, հատկապես 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո: Նույն ամսին Իսրայելի իրավապահ մարմինները խուզարկեցին Երուսաղեմի հյուրանոցներից մեկի սենյակը, որն Al Jazeera-ն օգտագործում էր որպես գրասենյակ:

Իսրայելի խորհրդարանն ապրիլի 1-ին հաստատել էր մի օրենք, որը թույլ է տալիս Իսրայելի տարածքում փակել «թշնամական լրատվամիջոցները»: Այդ նորմի համաձայն՝ Իսրայելի կապի նախարարը վարչապետի համաձայնությամբ կարող է կարգադրել  Իսրայելից և Իսրայելի տարածքում դադարեցնել արտասահմանյան ցանկացած հեռուստաընկերության հեռարձակում, եթե դա փաստացի վնաս է հասցնում պետության անվտանգությանը։ Բացի այդ, Իսրայելի կապի նախարարը կարող է նաև կարգադրել փակել այդ լրատվամիջոցի գրասենյակները և արգելափակել կայքին հասանելիությունը։

Սպիտակ տունն այն ժամանակ հայտարարել էր, որ եթե Al Jazeera-ն փակելու պլանների մասին հաղորդագրությունները հաստատվեն, դա «տագնապալի փաստ» կլինի, քանի որ Իսրայելի իշխանությունների կողմից այդ գործողությունը խոսքի ազատության ուղղակի խախտում է:

  • Կիսվել: