Իսրայելցի պատանդներին չպատկանող մասունքներ վերադարձնելու պատճառով Իսրայելը պատասխան քայլեր կձեռնարկի ՀԱՄԱՍ-ի դեմ. Նեթանյահու
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից գիշերը հանձնված մասունքները պատկանում էին մեկ այլ պատանդի, որի մարմինն արդեն հայտնաբերվել էր պատերազմի ավելի վաղ շրջանում իսրայելական ուժերի կողմից։ Մասունքները չէին պատկանում անհետ կորած 13 պատանդներից որևէ մեկին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է Reuters-ը։
Ինչպես հաղորդվում է՝ նա նշել է, որ երկրի ուժային կառույցների ղեկավարների հետ քննարկում կանցկացնի՝ որոշելու «Իսրայելի հաջորդ պատասխան քայլերը»։
Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ են արել Նեթանյահուին կոշտ գործողություններ ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի դեմ։
Իր հերթին ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Կասեմը նշել է, որ բոլոր մարմինները գտնելը մարտահրավեր է Գազայում ավերածությունների մասշտաբի պատճառով։
«ՀԱՄԱՍ-ը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ մնացած մարմինները հանձնելու համար, որպեսզի այս հարցը ամբողջովին լուծվի և որքան հնարավոր է՝ շուտ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հաջորդ 48 ժամվա ընթացքում «շատ ուշադիր» կհետևի ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների աճյունները վերադարձնելու գործընթացին։
Վերջին մի քանի օրվա ընթացքում Եգիպտոսից ծանր տեխնիկայի ժամանումից հետո պատանդների մարմինների որոնումներն արագացել են:
Reuters-ը նշում է, որ Գազայի հատվածում դեռևս պայթյունների ձայներ են լսվում, քանի որ իսրայելական ուժերը շարունակում են քանդել այն տարածքները, որտեղ դեռևս տեղակայված են:
Թարմացում. Իսրայելը մի քանի ավիահարված է հասցրել Գազային, հայտնում է Al Jazeera-ն: Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Նեթանյահուն հրամայել է բանակին անհապաղ հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին։


