չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իսպանիայում խոստացել են շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում

Իսպանիայում խոստացել են շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն է տեղի ունեցավ Վալենսիայի Միսլատա քաղաքում գտնվող “Կենաց խաչ” հուշակոթողի մոտ։ Մեծ թվով հայ, իսպանացի և այլազգի ներկաները ծաղիկներ են զետեղել, մոմավառություն և խնկարկում կատարել ցեղասպանության զոհերի հիշատակին։
Արարողությունն սկսվել է մեկ րոպե լռությամբ, որից հետո բացման խոսքով է հանդես եկել “Արարատ” հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը։ Նա իր խոսքում հակիրճ պատմական ակնարկ է կատարել ցեղասպանության, նրա պատճառների և հետևանքների մասին, հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել այն 6 մարզերին և 40 քաղաքներին, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և հորդորել այլ տեղական ինքնակառավարման մարմիններին և Իսպանիայի կենտրոնական իշխանությանը նույնպես ճանաչել XX դարի առաջին ցեղասպանությունը։

Ղուկասյանի խոսքին հետևել են Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցի սաների և ուսուցիչների ելույթները, հնչեց “Կռունկը”` ջութակի կատարմամբ։

Միջոցառմանը ներկա են գտնվել Միսլատայի քաղաքապետարանի բոլոր 4 կուսակցությունների խոսնակները, ովքեր իրենց խոսքում խոստացել են շարունակել պայքարը` Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում։

  • Կիսվել: