շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսլամական երկրներն ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարություն են ընդունել

Իսլամական երկրներն ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարություն են ընդունել

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Ջիդդայում անցկացված հանդիպումից հետո համաձայնության են եկել եզրափակիչ հայտարարության շուրջ, տեղեացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ փաստաթուղթը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:

ՏԱՍՍ-ն առանձնացրել է հայտարարության առանցքային դրույթները, որոնք ներկայացնում ենք ստորև.

Ռամալլահում տեղակայված Պաղեստինի ազգային վարչակազմը պետք է վերահսկողություն ձեռք բերի բոլոր պաղեստինյան տարածքների նկատմամբ և պատասխանատու լինի դրանց անվտանգության համար:

ԻՀԿ երկրները կոչ են արել դադարեցնել զենքի և զինամթերքի մատակարարումը Իսրայելին՝ պաղեստինցիների դեմ բռնությունը կանխելու համար:

Իսրայելի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները Գազայի հատվածում և առանց նախապայմանների վերացնեն անկլավի շրջափակումը:

Հանդիպման մասնակիցները դատապարտել են Իսրայելի կողմից խաղաղության նախաձեռնությունների մերժումը և միջնորդների հետ հրադադարի հասնելու համար համագործակցելու ցանկությունից հրաժարվելը:

Իսլամական համագործակցության կազմակերպության պետությունները մտադիր են հասնել ՄԱԿ-ում Իսրայելի անդամակցության կասեցմանը:

Նախարարները կոչ են արել պատասխանատվության ենթարկել Իսրայելին Արդարադատության միջազգային դատարանում՝ Գազայում և Արևմտյան ափին պաղեստինցիների դեմ ռազմական հանցագործությունների և ցեղասպանության համար:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերին Գազայում Իսրայելի գործողությունների վերաբերյալ պետք է Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստ անցկացնի։

ԻՀԿ անդամ պետությունները խորհուրդ են տվել վերանայել Իսրայելի հետ դիվանագիտական ​​և տնտեսական հարաբերությունների մակարդակը։

Նախարարները միաժամանակ աջակցություն են հայտնել Եգիպտոսի, Կատարի և Միացյալ Նահանգների ջանքերին՝ Գազայում հրադադարի համաձայնագրի հասնելու համար։ Այն նախատեսում է ՀԱՄԱՍ-ի պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Նշվում է, որ պաղեստինյան կողմի ընդունած և Իսրայելի կողմից անպատասխան թողնված վերջին առաջարկը «կարող է կարևոր գործարքի հանգեցնել»։

  • Կիսվել: