չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրաքում և Սիրիայում ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել ամերիկյան երեք ռազմակայաններ. ԶԼՄ-ներ

Իրաքում և Սիրիայում ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել ամերիկյան երեք ռազմակայաններ. ԶԼՄ-ներ

Իրաքում և Սիրիայում հարձակումներ են իրականացվել երեք ռազմակայանների վրա, որտեղ գտնվում են ամերիկացի զինծառայողներ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Mayadeen հեռուստաալիքի աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Իրաքի Անբարի նահանգում անօդաչու թռչող սարքերով առնվազն երկու անգամ հարձակման է ենթարկվել Այն ալ Ասադ ռազմակայանը, ևս մեկ հարձակում անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվել է ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի ռազմական օբյեկտի վրա Սիրիայի սահմանամերձ Էթ Թանֆ քաղաքում։

Տեղեկատվություն չի հաղորդվում, թե ովքեր կարող են կատարած լինել այդ հարձակումները։ Բացի այդ, հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ շիաների զինված ստորաբաժանումները, որոնք մտնում են «Իրաքի իսլամական դիմադրության» շարժման կազմի մեջ,   գնդակոծել են Իրաքյան Քրդստանի (ինքնավար շրջան Իրաքի հյուսիսում) Էրբիլ վարչական կենտրոնից հյուսիս տեղակայված ռազմակայանը։

Հարձակումների հետևանքների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

Հոկտեմբերի 31-ին Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտարարել էր, որ Իսրայել-ՀԱՄԱՍ վերջին հակամարտության ընթացքում տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, 27 հարձակում է կատարվել ԱՄՆ ռազմակայանների վրա՝ 16-ն՝ Իրաքում, 11-ը՝ Սիրիայում։ Իր հերթին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը պահանջել է դադարեցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի վրա հարձակումները, որոնք իրականացվել են, նրա կարծիքով, Իրանի օժանդակությամբ։ Օսթինի խոսքով՝ այս հարձակումների հետևանքով թեթև վիրավորվել է 21 զինծառայող:

  • Կիսվել: