ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրաքի Էրբիլ քաղաքում տեղակայված՝ ԱՄՆ-ի հյուպատոսության մոտ հրթիռներ են պայթել

Իրաքի Էրբիլ քաղաքում տեղակայված՝ ԱՄՆ-ի հյուպատոսության մոտ հրթիռներ են պայթել

Կիրակի օրը Իրանից արձակված մոտ 12 չկառավարվող հրթիռներ խոցել են Հյուսիսային Իրաքի քրդական մայրաքաղաք Էրբիլը, հայտնում են քուրդ պաշտոնյաները։ Զոհեր չկան: Այս մասին հայտնում է Իրաքի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Քրդստանի հակաահաբեկչական ուժերին։ Քուրդ պաշտոնյաները չեն նշել, թե որտեղ են ընկել հրթիռները, սակայն տեղական պաշտոնյաների խոսքով, Էրբիլի օդանավակայանում թռիչքների խափանումներ չկան, հաղորդում է Reuters-ը, փոխանցում է amerikayidzayn.com-ը:

ԱՄՆ պաշտոնյաները The Wall Street Journal-ին ասել են, որ մարտի 13-ի վաղ առավոտյան հրթիռներ են պայթել ԱՄՆ նոր հյուպատոսության կառուցվող շենքի մերձակայքում: Էրբիլի նահանգապետ Օմիդ Խոշնաուն, ում խոսքերը մեջբերում է The Guardian-ը, ասել է, որ պարզ չէ, թե արդյոք նպատակը եղել է ԱՄՆ հյուպատոսությունը, թե օդանավակայանը, որտեղ տեղակայված է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող արևմտյան կոալիցիայի ռազմակայանը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հրթիռային հարձակումն անվանել է «աղաղակող», սակայն ընդգծել է, որ ոչ մի ամերիկացի չի տուժել և ոչ մի վնաս չի հասցվել Էրբիլում գտնվող ԱՄՆ կառավարական կառույցներին:

«Kurdistan24» արբանյակային հեռուստաալիքը, որը գտնվում է ԱՄՆ հյուպատոսարանի մոտ, եթեր է դուրս եկել հարձակումից անմիջապես հետո՝ ցուցադրելով տաղավարի հատակին կոտրված ապակիները և հարձակման հարվածի հետևանքները։

Ինչպես հաղորդում է Ռոյթերսը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել, որում ստանձնել է Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի հրթիռակոծության պատասխանատվությունը։ Այս մասին հայտնել են իրանական պետական լրատվամիջոցները։

Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումն իրականացվել է իսրայելական «ռազմավարական կենտրոնների» դեմ, և որ «Իսրայելի կողմից ցանկացած նոր հարձակումներին կհետևի կոշտ, վճռական և կործանարար պատասխան»։

Ինչպես նշվել է, ավելի վաղ Իսրայելը Սիրիայում ավիահարվածով սպանել էր ԻՀՊԿ-ի երկու սպաների։

Էրբիլի միջազգային օդանավակայանում տեղակայված ամերիկյան զորքերը նախկինում ենթարկվել են հրթիռակոծության և անօդաչու թռչող սարքերի հարձակման: ԱՄՆ պաշտոնյաները դրա մեջ մեղադրել են Իրանի հետ կապված գրոհայիններին և շիա աշխարհազորայիններին, սակայն պաշտոնական Իրանը հերքում է հարձակումներին իր մասնակցությունը:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում նման հարձակումներ չեն գրանցվել։ Հրթիռները վերջին անգամ արձակվել են 2020 թվականի հունվարին՝ որպես իրանական կողմի պատասխան ԱՄՆ-ի կողմից Բաղդադի օդանավակայանում Քասեմ Սոլեյմանիի սպանության: Այդ ժամանակ ևս ամերիկացի զինվորների շրջանում զոհեր չեն գրանցվել, բայց ոմանք ստացել էին մարմնական վնասվածքներ։

2022 թվականի մարտի 7-ին իսրայելական ավիահարվածի հետևանքով Սիրիայում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու անդամ, այս շաբաթ հաղորդել են Իրանի պետական լրատվամիջոցները: Նշել է նաև, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է պատասխան հարված հասցնել։

Ներկայիս հրթիռային հարձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ձգտում է ավարտին հասցնել բանակցությունները Թեհրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի երկարաձգման շուրջ: Այն մոտ էր ավարտին, սակայն Ռուսաստանը նոր պահանջներ առաջ քաշեց՝ պահանջելով ազատել պատժամիջոցներից Իրանի հետ իր առևտրային հարաբերությւոնները, նշել են ամերիկացի պաշտոնյաները The Guardian-ի հետ զրույցում:

 

  • Կիսվել: