Իրանը շարունակում է հարվածները. թիրախում ԱՄԷ-ում, Կատարում, Հորդանանում ամերիկյան ռադարներն են և Քուվեյթում ԱՄՆ բազաները
Իրանը համակարգված հարձակում է սկսել Իսրայելի թիրախների դեմ՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր: Այս մասին տեղեկացնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը:
Իր հերթին Կատարը հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը գիշերը գտնվել են Բահրեյնում Իրանի կողմից թիրախավորված շենքերի ներսում, սակայն չեն տուժել:
Ըստ France 24-ի՝ Կատարի ԱԳՆ-ից հայտնել են. «Կատարը խստորեն դատապարտում է Բահրեյնի Թագավորության տարբեր մասերում գտնվող շենքերի վրա Իրանի հարձակումը, որտեղ բնակվում են Կատարի էմիրի ռազմածովային ուժերի անդամները, որոնք մասնակցում են Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միասնական ռազմական հրամանատարության ծովային գործողությունների կենտրոնին»:
Նշվում է, որ թիրախավորված շենքերում գտնվող Կատարի ռազմածովային ուժերի անձնակազմն անվտանգ է և անվնաս։ Ավելի վաղ Բահրեյնը հայտարարել էր, որ Իրանը հարվածել է մայրաքաղաք Մանամայում գտնվող մի հյուրանոցի և երկու բնակելի շենքերի՝ պարզաբանելով նախկինում տարածված հաղորդագրությունն այն մասին, որ հարվածներ են հասցվել երկու հյուրանոցի և մեկ բնակելի շենքի։
Իրանի բանակն էլ հայտարարել է, որ հարձակվել է Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների վրա և խոստացել շարունակել հետագա հարվածները։
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում բանակի ցամաքային ուժերի տարբեր տեսակի ավերիչ անօդաչու թռչող սարքերը մեծ թվով թիրախավորել են Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական բազաները»,- հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակը՝ ըստ երկրի պետական հեռուստատեսության։
Նշվում է, որ այս հարձակումները կշարունակվեն առաջիկա ժամերին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրենց ուժերը թիրախավորել են Արաբական Միացյալ Էմիրություններում, Հորդանանում և Կատարում տեղակայված ռադարային համակարգերը։
«ԱՄՆ-ի THAAD ռադարները, որոնք տեղակայված են Արաբական Միացյալ Էմիրություններում և Հորդանանում, ինչպես նաև Կատարում տեղակայված ամերիկյան FPS-132 հորիզոնի վրայով ռադիոտեղորոշիչը («Անապատի աչք»), ոչնչացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների կողմից»,- հայտնել է Կորպուսը իր Sepah News կայքում։
Բացի դրանից՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի բանակի օբյեկտներին Թել Ավիվում, Հայֆայում և «Բեն Գուրիոն» օդանավակայանին, նաև Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին: Հարձակում է կատարվել նաև Քուվեյթի ափերի մոտ գտնվող ամերիկյան նավթատար նավի վրա, որի հետևանքով հրդեհ է բռնկվել:


