երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Իրանը Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով 3-5 մլրդ դոլար է կորցրել

Իրանը Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով 3-5 մլրդ դոլար է կորցրել

Ապրիլի 26-ին Իրանի հարավում գտնվող Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Իրանը 3-5 մլրդ դոլարի վնաս է կրել։ Այս մասին հայտարարել է Իրանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Մոհամմադ-Մոհսեն Սադրը։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IRNA գործակալությանը։
Նրա խոսքով՝ չնայած վնասի մասշտաբներին, երկիրը ակնկալում է հաղթահարել միջադեպի հետևանքները ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ։
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել, ևս մոտ 1200 մարդ վնասվածքներ է ստացել։

Ինչպես ավելի վաղ «Fars» գործակալությանը հայտնել էր կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին, պայթյունի էպիկենտրոնը քիմիական նյութերով պահեստն էր, սակայն միջադեպի հստակ պատճառը դեռ պարզված չէ։ Միևնույն ժամանակ, մի շարք ԶԼՄ–ներ որպես պայթյունի հնարավոր աղբյուր էին մատնանշում վառելիքի ամբարում բռնկված հրդեհը։

Պայթյունի ուժգնությունն այնքան մեծ էր, որ այն լսվել է Քեշմ կղզում, որը նավահանգստից մոտ 20 կմ–ի վրա է գտնվում։ Արդյունքում նաև խոշոր հրդեհ է բռնկվել։ Իշխանությունները հանձնարարել են հետաքննություն սկսել։
«New York Times»-ը` հղում անելով աղբյուրին, պնդում էր, որ պատճառը կարող էր լինել հրթիռային պինդ վառելիքի արտադրության մեջ օգտագործվող նյութի արտահոսքը։ Սակայն Իրանի իշխանությունները հերքել են նավահանգստում ռազմական արտադրանքի առկայությունը։

  • Կիսվել: