երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանը, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ լարվածության սրման ֆոնին, 51 քաղաքում ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը

Իրանը, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ լարվածության սրման ֆոնին, 51 քաղաքում ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը

Իրանի իշխանությունները երկրի 51 քաղաք զինել են քաղաքացիական պաշտպանության համակարգերով և բարձրացրել հակաօդային պաշտպանության համակարգերի պատրաստվածությունը՝ կանխելու հնարավոր արտաքին հարձակումները Իսրայելի և ԱՄՆ-ի հետ լարվածության սրման ֆոնին:

Քաղաքացիական պաշտպանության սարքավորումները Իրանին հնարավորություն կտան «որոշել և վերահսկել սպառնալիքները՝ օգտագործելով շուրջօրյա ծրագրակազմ՝ ըստ սպառնալիքի տեսակի և ռիսկի», - ասել է պաշտպանության փոխնախարար, բրիգադային գեներալ Մեհդի Ֆարահին:

«Այս օրերին, կախված երկրների հզորությունից, մարտերի ձևն ավելի է բարդացել», - ասել է Ֆարահին, հավելելով, որ պատերազմի հիբրիդային ձևերը, ներառյալ կիբեր, կենսաբանական և ռադիոակտիվ հարձակումները, փոխարինել են դասական պատերազմներին:

Նա չի նշել այն երկրները, որոնք կարող է սպառնալ Իրանին:

Միևնույն ժամանակ, Իրանի հակաօդային պաշտպանության շտաբի հրամանատար, բրիգադային գեներալ Քադեր Ռահիմզադեն ասել է, որ իր ուժերում պատրաստվածությունն ամենաբարձրն է:

«Երկրի օդային տարածքն այսօր ամենաանվտանգն է արտոնագրված թռիչքների համար և ամենաանապահովը՝ հավանական ագրեսորների համար», - ասել է Ռահիմզադեն:

Իրանը Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրում է  վերջին տարիներին կիբերհարձակումների համար, որոնք խաթարել են երկրի ենթակառուցվածքը: Իրանը նաև  Իսրայելին մեղադրել է իր միջուկային օբյեկտների նկատմամբ դիվերսիաներ անելու համար. Իսրայելը ոչ հաստատել է, ոչ հերքել պատասխանատվությունը:

  • Կիսվել: