Իրանը հարվածներ է հասցրելլ Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազաներին
Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ լայնածավալ պատասխան գործողության մեկնարկի մասին։ Այս մասին տեղեկացնում է Press TV-ն:
Նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և Իրանի բանակի հայտարարությունների համաձայն՝ հրթիռային և անօդաչու հարվածներ են հասցվել Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում գտնվող ԱՄՆ-ի բազաներին՝ ի պատասխան երկրի հարավի վրա շարունակվող ամերիկյան հարձակումների:
ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ը փորձել է ճնշում գործադրել Օմանի իշխանությունների վրա և մի քանի նավ է ուղարկել դեպի Հորմուզի նեղուցից հարավ։
Ըստ իրանական կողմի հայտարարության՝ Իրանի ռազմածովային ուժերը խափանել են այդ գործողությունները, որից հետո ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հարավում գտնվող մի քանի առափնյա բազաների և կապի օբյեկտների։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ պատասխան գործողության առաջին փուլի ընթացքում խոցվել են Հորդանանում գտնվող արքայազն Հասանի ավիաբազայի ամերիկյան ռազմական օբյեկտները։ Ավելի ուշ Իրանը հայտնել է գործողության երկրորդ փուլի մասին, որի շրջանակում բալիստիկ հրթիռներով հարձակման է ենթարկվել Կատարում գտնվող ԱՄՆ-ի Ալ-Ուդեյդ ավիաբազան։ Իրանը պնդում է, որ ոչնչացվել են մարտական ավիացիայի տեխնիկական սպասարկման և վերանորոգման կենտրոնը, ինչպես նաև բազայի հրամանատարական կետը։
Դրանից բացի՝ Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ հարվածային անօդաչու սարքերի արձակման մասին։ Նրա վարկածով՝ Քուվեյթում հարձակման են ենթարկվել Patriot հակաօդային պաշտպանության մարտկոցը, զինամթերքի պահեստը և ռադիոլոկացիոն կայանը, իսկ Բահրեյնում՝ ռազմական կապի համակարգը և ևս մեկ ռադիոլոկացիոն օբյեկտ։
Թեհրանում զգուշացրել են, որ ամերիկյան հարվածների շարունակման դեպքում պատասխան գործողությունները կլինեն «էլ ավելի կոշտ»։
Ավելի վաղ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Իրանի հարավում գտնվող օբյեկտներին՝ հայտարարելով, որ դրանց նպատակն էր սահմանափակել Թեհրանի հնարավորությունները Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հայտարարել էին Հորմուզի նեղուցի փակման մասին՝ հայտնելով, որ նավագնացությունը կվերսկսվի միայն տարածաշրջանում ամերիկյան ռազմական միջամտության դադարեցումից հետո։


