հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանը ՀԱՄԱՍ-ին զգուշացրել է, որ ուղիղ ռազմական դիմակայության մեջ չի մտնի Իսրայելի հետ. Reuters

Իրանը ՀԱՄԱՍ-ին զգուշացրել է, որ ուղիղ ռազմական դիմակայության մեջ չի մտնի Իսրայելի հետ. Reuters

Թեհրանը ՀԱՄԱՍ-ին հստակ հասկացրել է, որ իր պլանների մեջ չի մտնում պատերազմի մեջ մտնել Իսրայելի հետ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ինչպես իրանական, այնպես էլ պաղեստինյան աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Թեհրանի այս դիրքորոշումը հնչեցվել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Խամենեիի եւ ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիայի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի սկզբին։

Իրանի իշխանությունները, նշել է գործակալության զրուցակիցը, ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանն ասել են, որ իրենց չեն նախազգուշացրել Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասին։

Խամենեին Հանիային հավաստիացրել է, որ Իրանը նախկինի պես բարոյական աջակցություն կցուցաբերի ՀԱՄԱՍ-ին, չնայած ուղիղ դիմակայության մեջ չի մտնի Իսրայելի հետ։

Այաթոլան Հանիայից նաեւ պահանջել է ՀԱՄԱՍ-ում «ստիպել լռել» նրանց, ովքեր Իրանին եւ լիբանանյան «Հեզբոլլահին» կոչ են անում լայնածավալ պատերազմ սկսել Իսրայելի դեմ։

ՀԱՄԱՍ-ում, նշել է Reuters-ը, այս հրապարակումից առաջ հրաժարվել են մեկնաբանություններից։ Դրա հրապարակումից հետո ՀԱՄԱՍ-ը իր սոցցանցերում հրապարակումն անվանել է «անհիմն»՝ մանրամասներին չանդրադառնալով։

Իրանի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները եւս հրաժարվել են մեկնաբանություններից։ Ավելի վաղ, սակայն, Իրանի ԱԳՆ-ն նշել էր, որ չի պատրաստվում թույլ տալ զինված հակամարտության տարածումն ամբողջ տարածաշրջանում։

  • Կիսվել: