շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Իրանը չի բացառում պատժամիջոցների չեղարկման դիմաց մինչև 60 տոկոս հարստացված ուրանից հրաժարվելը

Իրանը չի բացառում պատժամիջոցների չեղարկման դիմաց մինչև 60 տոկոս հարստացված ուրանից հրաժարվելը

Թեհրանը կարող է քննարկել ուրանի հարստացման մակարդակը 60 տոկոսից իջեցնելու հարցը, եթե պատժամիջոցները վերացվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին, տեղեկացնում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջերս տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել են տեխնիկական և միջուկային հարցեր՝ ավելի ընդհանուր քաղաքական հարցերի հետ մեկտեղ։

Կիրակի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ իրանական կողմը ԱՄՆ-ի հետ բանակցություններում մտադիր չէ համաձայնել ուրանի հարստացումից լիովին հրաժարվելուն:

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ՝ Օմանում, և կողմերը համաձայնել են շարունակել բանակցային գործընթացը։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ ամերիկյան կողմը պնդել է լայն օրակարգի վրա, որը, մասնավորապես, ներառում է Իրանի հրթիռային ծրագիրը և Թեհրանի գործողությունները Մերձավոր Արևելքում։ Թեհրանը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի հետ քննարկել միայն իրանական միջուկային հարցը։

 

  • Կիսվել: