հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրանը աջակցում է Էրդողանի նախաձեռնությանը՝ ստեղծելու 3+3 ձևաչափը

Իրանը աջակցում է Էրդողանի նախաձեռնությանը՝ ստեղծելու 3+3 ձևաչափը

Իրանը աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությանը՝ ստեղծելու «3 + 3» ձևաչափ՝ Կովկասում խաղաղություն և համագործակցություն ապահովելու համար։ Այս մասին ասվում է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆերազմենդի՝ Անատոլիական գործակալության համար հրապարակած հոդվածում։

Դիվանագետը հիշեցրել է, որ Իրանը շփումներ է պահպանում տարածաշրջանի երկրների հետ «3+3» ձևաչափի հարցով, որը պետք է ներառի Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, ինչպես նաև Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը։

Ֆերազմենդը կարծում է, որ այս նախաձեռնությունը համապատասխանում է Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին։

«3+3 նախաձեռնությունը համապատասխանում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին, այն է՝ տարածաշրջանային խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների կողմից, հակամարտության գոտիների նվազագույնի հասցնելը և համագործակցության զարգացումը»,- ասել է դեսպանը։

«Տարածաշրջանի երկրները, բացառությամբ Վրաստանի, ընդունել են այս նախաձեռնությունը։ «3 + 3» կամ «3 + 2» նախաձեռնությունն իրականացնելու համար կա հավաքական կամք, ընդհանուր շահեր և բարձր մակարդակի փոխըմբռնում։ Անկասկած, 30-ամյա հակամարտության ավարտը և խաղաղության ու կայունության հաստատումը, Հարավային Կովկասի ռազմավարական տարածաշրջանում զարգացման, առևտրի, ներդրումների և անխոչընդոտ հաղորդակցության հնարավորությունների ի հայտ գալը ձեռնտու են տարածաշրջանի բոլոր երկրներին։ Այս նախաձեռնության հիմնական առավելությունն այն է, որ տարածաշրջանի երկրներից և ոչ մեկը անտեսված չէ»,- ասել է Ֆերազմենդը։

Դեսպանը նաև հիշեցրել է երեք հարևան երկրների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի հաջող փորձը Սիրիայում լարվածության նվազեցման և արյունահեղության դադարեցման գործում։

  • Կիսվել: