կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրանում ձերբակալվել են «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման 19 գործակալներ

Իրանում ձերբակալվել են «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման 19 գործակալներ

Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի հետախուզության գլխավոր վարչությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ հայտնել են «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման 19 գործակալների ձերբակալության մասին, գրում է parstoday.ir-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը, որը փորձում է Իրանի հարավ-արևելքում խռովություն հրահրել էթնիկ և կրոնական բազմազանության հիման վրա, վերջին ամիսներին համացանցի միջոցով ներգրավել է նոր անդամների, որոնց օգտագործել է կրոնական նշանավոր գործիչների սպանության, անկարգությունների հրահրման, հանրային գույքի վնասման, ռազմական և իրավապահ կենտրոնների վրա հարձակման և անապահովություն տարածելու նպատակով:

Ըստ այս հայտարարության՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ցանցի անդամները բացահայտվել ու ձերբակալվել են:

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ն, Սիոնիստական ռեժիմը և նրանց տարածաշրջանային դաշնակիցները բազմիցս փորձել են տապալել Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Վերջին տարիներին ԱՄՆ-ի կիրառած հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության ձախողմումից հետո, անվտանգության ոլորտում ձևավորվել է հակաիրանական նոր ճակատ, որտեղ համագործակցում են Իսրայելն, ԱՄՆ-ն ու Բրիտանիան:

  • Կիսվել: