երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. աղբյուր

Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. աղբյուր

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրին։

Նշվում է, որ աղբյուրը, մասնավորապես, ասել է. «Մեր առաջարկով պնդում ենք, որ ունենք հարստացման ինքնիշխան իրավունք, և առաջարկում ենք ժամանակավորապես՝ սահմանափակ ժամկետով, սառեցնել հարստացումը»:

Նա նաև հավելել է, որ Իրանն առաջարկում է նաև ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո նվազեցնել ուրանի պաշարները մինչև ցածր հարստացվածի:

Նշենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը: Կողմերը ներկայում աշխատում են հնարավոր պայմանավորվածության մասով առաջարկությունների վրա։

Հավելենք նաև, որ քիչ առաջ ավարտվել է Օմանի միջնորդությամբ Ժնևում անցկացվող՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը:

  • Կիսվել: