երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Իրանին հասցված հարվածներից հետո Սթարմերը «Cobra»-ի նիստ է հրավիրել

Իրանին հասցված հարվածներից հետո Սթարմերը «Cobra»-ի նիստ է հրավիրել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «Cobra» արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ է անցկացրել՝ Իրանին հասցված ամերիկաիսրայելական օդային հարվածները քննարկելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան չի մասնակցել հարվածներին։

Կառավարության խոսնակը նշել է, որ կպաշտպանի տարածաշրջանում բրիտանական շահերը։

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք չենք ցանկանում, որ էսկալացիան հետագայում վերածվի տարածաշրջանային ավելի լայն հակամարտության»։

հավելենք, որ «Cobra» խորհրդակցությունը արտակարգ իրավիճակների կոմիտե է, որտեղ նախարարներն ու պաշտոնատար անձինք հավաքվում են՝ ստեղծված իրավիճակի առնչությամբ կառավարության գործողությունները համակարգելու համար։

«Չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք մշակի և հենց այդ պատճառով մենք մշտապես աջակցում ենք բանակցությունների միջոցով լուծման հասնելու ջանքերին: Մեր անմիջական առաջնահերթությունը տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների անվտանգությունն է, և մենք նրանց հյուպատոսական օգնություն կցուցաբերենք»,-ասել է կառավարության ներկայացուցիչը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում և Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող բրիտանացիներին հորդորել է անհապաղ պատսպարվել տեղում՝ հրթիռային հարվածների մասին տեղեկություններից հետո։ Հորդանանում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եմենում, Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում և Օմանում գտնվող Միացյալ Թագավորության քաղաքացիներին խորհուրդ է տրվել զգոնություն պահպանել և պատսպարվել, եթե նման հրահանգ տրվի։

  • Կիսվել: