կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը կգոյատևի, նույնիսկ եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվեն

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը կգոյատևի, նույնիսկ եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվեն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն, անդրադառնալով Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններին, հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը կարող է գտնել խնդիրների լուծման ուղիներ, նույնիսկ առանց գործող պատժամիջոցների վերացմանն ուղղված բանակցությունների։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

«Մենք սովից չենք մեռնի, եթե նրանք (խմբ.՝ ամերիկացիները) չցանկանան բանակցել մեզ հետ և պատժամիջոցներ կիրառեն մեր նկատմամբ», - ընդգծել է Փեզեշքիանն Իսլամական Ազատ համալսարանի հիմնադրման տարեդարձին նվիրված արարողության ժամանակ  իր ելույթում։

«Խնդիրները հաղթահարելու հարյուրավոր տարբերակներ կան, և մենք պարզապես պետք է ձեռք-ձեռքի տված լինենք և միավորվենք», - նշել է նախագահը։

Նա նաև ընդգծել է երկրի ուժն ու կարողությունը՝ շեշտելով, որ «Իսլամական Հանրապետությունն այսօր ավելի հզոր է, քան երբևէ»։

Նախագահի խոսքով՝ բոլորը խոսում են այն մասին, թե արդյոք Միացյալ Նահանգները կհասնի համաձայնության Իրանի հետ, թե ոչ, բայց ազգի առջև ծառացած ամենակարևոր հարցը համախմբվածությունն ու պառակտումից խուսափելն է։

«Մենք ոչ մեկի կարիքը չենք ունենա, եթե համաձայնության գանք մեր ժողովրդի և էլիտայի հետ», - ասել է նախագահը։

Մայիսի 23-ին ԱՄՆ-ի և Իրանի բանակցողներն Օմանի պաշտոնյաների միջնորդությամբ Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլը։ Բանակցություններից առաջ Թեհրանը դատապարտել էր ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցները և կասկածի տակ դրել դիվանագիտական ուղիով ընթանալու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։

 

  • Կիսվել: