ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է ԵՄ-ին

Իրանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է ԵՄ-ին

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ, գրում է parstoday.com-ը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ վերջին զարգացումները, պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները, Իրանում տեղի ունեցած վերջին միջադեպերը և Իրանի ներքին զարգացումներին արտաքին միջամտությունները։

Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ժողովրդավարության նկատմամբ ունեցած խոր հավատով միշտ ուշադրություն է դարձրել ժողովրդի խաղաղ պահանջներին»:

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է. «Մենք դժգոհ ենք վերջին իրադարձությունների նկատմամբ որոշ եվրոպացի պաշտոնյաների դիրքորոշումներից ու միջամտություններից, և եթե Եվրամիությունը ցանկանում է երկակի մոտեցումներով չմտածված քայլերի դիմել, ապա պետք է սպասի Իրանի համարժեք քայլերին»:

Իտալիայի արտաքին գործերի նախարարն հեռախոսազրույցում ասել է. «Մենք կարևորում ենք Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները և վճռականորեն աջակցում ենք Իրանի ջանքերին՝ ՀԳՀԾ-ի շուրջ կայուն համաձայնության հասնելու ուղղությամբ»։

Լուիջի Դի Մայոն հավելել է. «Իտալիան կշարունակի իր ջանքերը հնարավորինս շուտ համաձայնության հասնելու համար»։

Նա ասել է. «Մենք հարգում ենք Իրանի ինքնիշխանությունն ու օրենքները, և ժողովրդի խաղաղ պահանջներն առանձնանում են անկարգություններից ու ահաբեկչությունից»:

  • Կիսվել: