շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինձ վրա ոչ ոք ճնշում չի գործադրում. Զելենսկի

Ինձ վրա ոչ ոք ճնշում չի գործադրում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճակատում ստեղծված իրավիճակը փակուղային չի համարում։ Այս մասին նա հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի՝ The Economist ամսագրին տված հարցազրույցին։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Սա փակուղի չէ: Ռուսաստանը վերահսկում է երկինքը: Մենք խնայում ենք մեր զինվորներին։ Ոչ ոք չի ցանկանում պարզապես նետել նրանց, ինչպես Ռուսաստանն է մսի պես նետում իր մարդկանց։ Ինչպե՞ս հաղթահարել սա: F-16, մենք պետք է սպասենք, որ տղաները սովորեն, երբ նրանք վերադառնան: Երբ ռազմաճակատում կա հակաօդային պաշտպանություն, զինվորականներն առաջ են գնում և տեխնիկա են օգտագործում՛՛:

Բացի այդ՝ Զելենսկին հիշեցրել է, որ 2022 թ. բոլորը կարծում էին, որ ուկրաինական զորքերը փակուղում են հայտնվել։ ՛՛Մի քանի ռազմական հնարքներ, և, հիշում եք, ազատագրվեց Խարկովի շրջանը՛՛,-նշել է նա:

Զելենսկին նաեւ հավելել է. ՛՛Մենք իրավունք չունենք հուսահատվելու։ Ո՞րն է այլընտրանքը: Ի՞նչ է, մեր պետության մեկ երրորդը պետք է տանք։ Ախր դա միայն սկիզբն է լինելու։ Մենք գիտենք, թե ինչ է սառեցված հակամարտությունը, մենք մեզ համար արդեն եզրակացություններ արել ենք։ Մենք պետք է ավելի շատ աշխատենք հակաօդային պաշտպանության մեր գործընկերների հետ, ապաշրջափակենք երկինքը և մեր կործանիչներին հարձակողական գործողություններ իրականացնելու հնարավորություն տանք՛՛։

Զելենսկին նաև ասել է, որ արևմտյան երկրներն իր վրա ճնշում չեն գործադրում՝ ստիպելով բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։

՛՛Բոլորը գիտեն իմ վերաբերմունքը, որը համընկնում է ուկրաինական հասարակության վերաբերմունքի հետ։ Այսօր ինձ վրա ոչ ոք ճնշում չի գործադրում։ Այս ամենը եղել է պատերազմի սկզբում և պատերազմից առաջ։ Այսօրվա դրությամբ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի ղեկավարներից ոչ ոք ճնշում չի գործադրում։ Որ մենք հիմա Ռուսաստանի հետ նստենք, խոսենք, մի բան տանք, նման բան չի լինի՛՛,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: