Ինդոնեզիայում այսօր գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել
Տասնյակ մարդիկ են վիրավորվել կիրակի առավոտյան Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում տեղի ունեցած 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, հայտնել է Ազգային աղետների հետևանքների մեղմացման գործակալությունը (BNPB):
«10 կիլոմետր խորության վրա տեղի ունեցած երկրաշարժը ցնցել է Պոսո ռեգենտությունը և զգացվել է մոտակա տարածքներում: Վիրավորվել է քսանինը մարդ, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է գործակալության հայտարարության մեջ:
BNBP-ն հավելել է, որ դեռևս զոհերի մասին հաղորդագրություններ չկան:
Ինդոնեզիան գտնվում է այսպես կոչված «Խաղաղօվկիանոսյան հրե օղակի» վրա, որը բարձր ակտիվ սեյսմիկ գոտի է, որտեղ երկրակեղևի տարբեր սալեր հանդիպում են և առաջացնում են մեծ թվով երկրաշարժեր: 2021 թվականի հունվարին Սուլավեսիում տեղի ունեցած 6.2 մագնիտուդով երկրաշարժը խլել է ավելի քան 100 մարդու կյանք և հազարավոր մարդկանց թողել անօթևան:


