կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռել է 1000 կմ

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռել է 1000 կմ

Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։

Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Փհենյանի մերձակայքից՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 10-ին։ Հրթիռը թռել է շուրջ 1000 կմ, որից հետո ընկել է ծովը։

Ըստ գործակալության՝ Փհենյանն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ ռազմական գործողություն կիրականացնի՝ ԱՄՆ հետախուզական ինքնաթիռների գործողությունների պատճառով։ Կիմ Յո Չենը՝ հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը, հուլիսի 10-ին և 11-ին հայտարարել էր, որ ամերիկյան ռազմական լրտեսական ինքնաթիռը «ներխուժել է» Հյուսիսային Կորեայի բացառիկ տնտեսական գոտի։

 

Հրթիռի արձակումից հետո Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, որը գտնվում է Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել։

 

Բացի այդ, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինվորականները արձակումից անմիջապես հետո հանդիպում են անցկացրել և հաստատել, որ է՛լ ավելի կամրապնդեն իրենց միացյալ պաշտպանությունը Հյուսիսային Կորեայի կողմից ցանկացած սպառնալիքի դեմ։

Վերջին անգամ Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության հրթիռ էր արձակել 3 ամիս առաջ՝ ապրիլի 13-ին։

  • Կիսվել: