Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից
Հունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետ Պետեր Մադյարին անձեռնմխելիությունից՝ բջջային հեռախոս գողանալու մեղադրանքի հիմքով։ Պատգամավորները ձայների մեծամասնությամբ բավարարել են գլխավոր դատախազության միջնորդությունը՝ վարչապետի անձեռնմխելիությունը վերացնելու վերաբերյալ։ Այժմ նրա դեմ քրեական գործ կհարուցվի։
«Որոշմանը կողմ է քվեարկել 139 պատգամավոր։ Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկան», - արտահերթ նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ագնեշ Ֆորստհոֆերը։ Նիստը հեռարձակվել է M1 հեռուստաալիքով։
Գլխավոր դատախազության միջնորդությանը կողմ են քվեարկել իշխող «Տիսա» կուսակցության և ծայրահեղ պահպանողական «Մեր հայրենիք» կուսակցության պատգամավորները։ Ընդդիմադիր «Ֆիդես՝ Հունգարիայի քաղաքացիական միություն» և քրիստոնեադեմոկրատական խմբակցությունները չեն մասնակցել նիստին։ Նրանք բողոքել են, որ օրակարգում ընդգրկված էր նաև իրենց երկու պատգամավորների՝ Վիկտոր Օրբանի կառավարության նախկին նախարարների անձեռնմխելիությունը վերացնելու հարցը։
Մադյարը զբաղեցնում է ոչ միայն վարչապետի պաշտոնը, այլև խորհրդարանի պատգամավոր է։ Նրա գլխավորած «Տիսա» կուսակցությունը խորհրդարանում ունի տեղերի ավելի քան երկու երրորդը։
Մադյարն անձամբ էր խնդրել վերացնել իր պատգամավորական անձեռնմխելիությունը՝ հայտարարելով, որ պատրաստ է համագործակցել քննիչների հետ և թաքցնելու ոչինչ չունի։
Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսին։ Մադյարը գիշերային ակումբում վերցրել էր իրեն նկարահանող մարդու բջջային հեռախոսը և նետել Դանուբը։ Վարչապետը պնդում է, որ նախկին իշխանությունները փորձել են իր դեմ սադրանք կազմակերպել։



