Հունաստանում՝ անտառային հրդեհի գոտում, 18 դի է հայտնաբերվել
Հույն հրշեջները Հունաստանի հյուսիս-արևելքում հայտնաբերել են 18 մարդու դի, որոնք տուժել են արդեն մի քանի օր մոլեգնող անտառային խոշոր հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները, տեղեկացնում է Associated Press-ը:
Նշվում է, որ հունական ոստիկանությունը աղետի զոհերի նույնականացման խումբ է ստեղծել Ալեքսանդրուպոլիսի հյուսիսարևելյան Ավանտա շրջանում խրճիթի մոտ հայտնաբերված մարմինների ճանաչման համար, հայտարարել է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Իոաննիս Արտոպիոսն իր հեռուստատեսային ուղերձում:
Հաշվի առնելով, որ այս շրջանում անհայտ կորածների մասին տեղեկություններ չկան, իշխանությունները հավանական են համարում, որ զոհերը ներգաղթյալներ են եղել, որոնք երկիր են մտել Թուրքիայի հետ մոտակա սահմանից, ասել է Արտոպիոսը։
Հարյուրավոր հրշեջներ շարունակում են պայքարել Հունաստանի հյուսիս-արևելքում մոլեգնող խոշոր անտառային հրդեհների դեմ։ Ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է և հանգեցրել Հունաստանի գյուղերի բնակիչների և քաղաքային հիվանդանոցի տարհանմանը։