երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հռոմի պապը Ղուրանի այրման դեպքերն անվանել է «բարբարոսություն»

Հռոմի պապը Ղուրանի այրման դեպքերն անվանել է «բարբարոսություն»

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Ղուրանի՝ վերջերս Շվեդիայում և Դանիայում տեղի ունեցած հրապարակային հրկիզման սկանդալային դեպքերը՝ կատարվածը որակելով «բարբարոսություն» և ասելով, որ նման սրբապիղծ քայլերը խոչընդոտում են ազգերի միջև երկխոսությանը, գրում է mehrnews.com-ը:

Պոնտիֆիկոսն այս հայտարարությունն արել է երեքշաբթի՝ ի պատասխան Արգենտինայի իսլամական հիմնադրամի ներկայացուցիչ, արգենտինացի շիա գիտնական Աբդուլ Քարիմ Պազի նամակին: Անցյալ շաբաթ Աբդուլ Քարիմ Պազը նամակ էր հղել կաթոլիկ եկեղեցու ղեկավարին, որում դատապարտել էր մուսուլմանների համար սուրբ գրքի օրինակների այրման կրկնվող գործողությունները:

«Սուրբ Ղուրանի այրման պատմությունն իսկապես բարբարոսական է։ Այս դեպքերը վնասում և խանգարում են մարդկանց միջև հասուն երկխոսությանը»,- ի պատասխան գրել է Հռոմի պապը։

Հուլիսի սկզբին ԱՄԷ արաբալեզու al-Ittiha թերթին տված հարցազրույցում պոնտիֆիկոսը դատապարտել էր «խոսքի ազատության» պատրվակով Ղուրանի պղծման թույլտվությունը: Նա այս մասին ասել էր այն բանից հետո, երբ Շվեդիան թույլատրել էր պղծել Ղուրանի օրինակը Ստոկհոլմի մզկիթի մոտ:

Անցած ամսվա ընթացքում մուսուլմանների սուրբ գիրքը մի քանի անգամ պղծման գործողությունների են ենթարկվել ծայրահեղական տարրերի կողմից Շվեդիայում և Դանիայում, որոնց կառավարությունները այս գործողություններն արդարացրել են «արտահայտվելու ազատության» պատրվակով, նկատում է աղբյուրը:

 

  • Կիսվել: