Հռոմի պապը Իրանին ու Իսրայելին պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերելու կոչ է արել
Հռոմի պապ Լևոն XIV-ը Իրանին և Իսրայելին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ բոլոր երկրների պարտականությունն է աջակցել խաղաղությանը։
Այս մասին հայտնում է Vaticannews-ը՝ մեջբերելով Պապի խոսքերը։
«Այս օրերին շատ մտահոգիչ լուրեր են ստացվում. Իրանում և Իսրայելում իրավիճակը լրջորեն վատթարացել է։ Այս նուրբ պահին ես կցանկանայի շտապ կրկին կոչ անել պատասխանատվության և առողջ բանականության»,-ասել է Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում։
Հռոմի պապը շեշտել է, որ ավելի անվտանգ, միջուկային սպառնալիքից զերծ մոլորակի կառուցումը պետք է իրականացվի հանդիպումների և անկեղծ երկխոսության միջոցով՝ արդարության, եղբայրության և ընդհանուր բարօրության վրա հիմնված տևական խաղաղություն ստեղծելու համար։
«Ոչ ոք երբեք չպետք է սպառնա մեկ ուրիշի գոյությանը. բոլոր երկրների պարտականությունն է աջակցել խաղաղության գործին՝ բացելով հաշտեցման ուղիներ և խթանելով լուծումներ, որոնք երաշխավորում են բոլորի անվտանգությունն ու արժանապատվությունը»,-ընդգծել է Հռոմի պապ Լեոն XIV-ը։