երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 40-ը. Պենտագոն

Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 40-ը. Պենտագոն

Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 40-ը՝ հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության փոխխոսնակը: Ավելի վաղ նշվում էր, որ ամերիկացի 3 զինծառայող է զոհվել:

Սաբրինա Սինգհը համոզմունք է հայտնել՝ տեղի ունեցածի հետևում կանգնած է Իրանը, քանի որ, նրա խոսքով, Թեհրանը ֆինանսավորում է Իրաքում և Սիրիայում գործող զինված խմբավորումներին, որոնք հարձակվում են ամերիկյան ուժերի վրա:

Պենտագոնի ներկայացուցիչը չի բացառել, որ ռազմաբազայի թիրախավորմանը կարող է ներգրավված լինել Իրաքի իսլամական դիմադրության մաս կազմող «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորումը:

«Վաշինգտոնը չի ձգտում պատերազմի և չի ուզում, որ տարածաշրջանային հակամարտությունն ընդլայնվի: Սակայն կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ պաշտպանելու Մերձավոր Արևելքում մեր զինվորականներին»,- վստահեցրել է Սինգհը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ խոստացել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Նրա խոսքով՝ դրա ժամանակը և ձևը կընտրի Վաշինգտոնը:

Թեհրանը հերքում է ամերիկյան կողմի մեղադրանքները: ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչի խոսքով՝ Իրանը որևէ կապ չունի Հորդանան-Սիրիա սահմանին ամերիկյան ռազմաբազայի թիրախավորման հետ:

  • Կիսվել: