չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հնդկաստանը և Մեծ Բրիտանիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Հնդկաստանը և Մեծ Բրիտանիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Լոնդոնում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհին: Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության և տնտեսական փոխգործակցության վերաբերյալ հարցեր։

Սինգհն իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. «Մենք քննարկեցինք հարցեր, որոնք վերաբերում են պաշտպանությանը, տնտեսական համագործակցությանը և այն հարցին, թե ինչպես կարող են Հնդկաստանը և Մեծ Բրիտանիան աշխատել միասին՝ ամրապնդելու խաղաղ և կայուն գլոբալ կարգը»:

Ըստ Հնդկաստանի Պաշտպանության նախարարության տարածված հաղորդագրության՝ հանդիպմանը Սինգհը նշել է երկկողմ պաշտպանական գործընկերության ընդլայնումը, որը ներառում է համատեղ զորավարժությունները, վարժեցումը, օպերատիվ համատեղելիության բարձրացումը, զինվորականների միջև կապերը՝ հատկապես ռազմածովային ոլորտում: Նախարարը նաև բարձր է գնահատել պաշտպանա-արդյունաբերական համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկու երկրների ջանքերը, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտում։

Բացի այդ, Սինգհը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի հետ քննարկել է պաշտպանա-արդյունաբերական գործընկերության զարգացման ուղղությունները։ «Ռաջնաթ Սինգհը ներկայացրել է իր նպատակը՝ ինտեգրելու երկու երկրների պաշտպանական արդյունաբերությունը»,- ասված է Հնդկաստանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ինչպես նշում է գերատեսչությունը, Քեմերոնը վերահաստատել է Միացյալ Թագավորության ձգտումը Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում փոխգործակցելու վերաբերյալ:

  • Կիսվել: