երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հնդկաստանում մեկ շաբաթից ավելի է՝ փորձում են փրկել թունելի փլվածքների տակ մնացած 41 բանվորներին

Հնդկաստանում մեկ շաբաթից ավելի է՝ փորձում են փրկել թունելի փլվածքների տակ մնացած 41 բանվորներին

 Հնդկաստանում փրկարարներն, արդեն ութերորդ օրն է, փորձում են դուրս բերել ճանապարհային թունելի փլատակներում մնացած 41 բանվորներին։ Ըստ տեղի իշխանությունների՝ փրկարարներին ևս չորս կամ հինգ օր կպահանջվի մարդկանց դուրս բերելու համար։ Այդ մասին  տեղեկանում ենք NDTV պարբերականի հրապարակումից:

Շինարարությունն ընթանում էր Հնդկաստանի Ուտարախանդի հյուսիսային նահանգի լեռներում: Ըստ տեղի իշխանությունների ներկայացուցչի՝ նոյեմբերի 19-ի երեկոյան ուղղահայաց հորատում է սկսվել բլրի գագաթին, որի տակ կառուցվում էր թունելը։

Ավելի վաղ փրկարարները փորձում էին թունելի փլվածքների միջով խողովակներ անցկացնել, այնուհետև ճոպանների օգնությամբ այդ խողովակների միջով հանել մարդկանց։ Սակայն այդ աշխատանքների ընթացքում առաջացել է նոր փլուզման վտանգ, և դրանք դադարեցվել են։

Փլվածքների տակ գտնվող բանվորների առողջական վիճակն անհանգստության տեղիք է տալիս՝ թեև նրանց հետ կապ է հաստատվել: Ինչպես նշել են տեղի իշխանությունները, արտակարգ պատահարից հետո հաջողվել է նրանց ապահովել ջրով, սննդով, թթվածնով և հակադեպրեսանտներով։

Ուտարախանդում ճանապարհային թունելը փլուզվել է  նոյեմբերի 12-ին: Այն կառուցվում էր որպես «Չար-Դհամ» տրանսպորտային նախագծի մի մաս, որի շրջանակներում նախատեսվում է նահանգում բացել 825 կմ երկարությամբ արագընթաց խճուղի:

  • Կիսվել: