հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Հեզբոլլահը դրա համար ծանր գին կվճարի. Նեթանյահուն՝ Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարձակման մասին

Հեզբոլլահը դրա համար ծանր գին կվճարի. Նեթանյահուն՝ Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարձակման մասին

Իսրայելը թույլ չի տա, որ Մաջդալ Շամսի սպանությունը «լուռ անցնի»: Այս մասին հայտարարել է  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երբ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները խորհրդակցել են մահացու հրթիռային հարվածից հետո, որի հետևանքով առնվազն 12 երիտասարդ է զոհվել օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող դրուզներով բնակեցված քաղաքում, տեղեկացնում է Times of Israel-ը:

Նշվում է, որ մահացու հարվածից հետո Նեթանյահուն զրուցել է Իսրայելի դրուզների համայնքի հոգևոր առաջնորդ Շեյխ Մուաֆակ Թարիֆի հետ և ասել, որ Իսրայելը «ձեռքերը ծալած չի նստի»։

Իսրայելի անվտանգության որոշումներ կայացնող կաբինետի նիստը պետք է տեղի ունենար կիրակի օրը կեսօրին տեղական ժամանակով:

Հարձակումից անմիջապես հետո պաշտպանության նախարար Յոավ Գալանտը բարձրաստիճան զինվորականների և անվտանգության պաշտոնյաներին տեղեկացրել է Հեզբոլլահի դեմ Իսրայելի գործողությունների տարբերակների մասին:

Հանդիպմանը մասնակցել են Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին, «Շին Բեթ»-ի ղեկավար Ռոնեն Բարը և «Մոսադ»-ի ղեկավար Դեյվիդ Բարնեան, ինչպես նաև այլ պաշտոնյաներ:

Գալանտը հայտնել է, որ խոսել է Թարիֆի հետ՝ «կիսելու այն մեծ վիշտը, որը պատել է դրուզների համայնքին և ողջ Իսրայելի ժողովրդին»։ Դրուզների հոգեւոր առաջնորդի հետ զրույցում նա խոստացել է, որ Իսրայելը «ուժեղ հարված կհասցնի թշնամուն»։

Իր հերթին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հերքել է իր առնչությունը հարձակմանը:

  • Կիսվել: