հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայտնի է Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման գործով լսումների օրը

Հայտնի է Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման գործով լսումների օրը

Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման գործով հաջորդ լսումները կանցկացվեն 2020 թ. փետրվարի 25-ին, ասել է փաստաբան Աիտոր Մարտինեսը, որը զբաղվում է Իսպանիայում Ասանժի պաշտպանության համակարգմամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Ասանժի պաշտպանները հույս ունեն, որ ամերիկյան իշխանությունների հարցումը կմերժվի:

Փաստաբանն ասել է. «Դեկտեմբերի 19-ին Միացյալ Թագավորության Վեսթմինսթերյան դատարանում լսումներ կանցկացվեն, բայց սովորական ընթացակարգի շրջանակում, որպեսզի ներկայացվեն ապացույցներ: Այդ լսումներին պարոն Ասանժը ներկա չի լինի: 2020 թ. փետրվարի 25-ին տեղի կունենան արտահանձնման մասին լսումներ, որոնց ժամանակ կորոշվի՝ հանձնե՞լ պարոն Ասանժին ԱՄՆ, թե՞ ոչ: Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ի հարցումը կմերժվի»:

Հիշեցնենք, որ 2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:

2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել:

 

 

  • Կիսվել: