Հարվարդին զրկել են օտարերկրյա ուսանողներ ընդունելու իրավունքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զրկել է Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողներին ընդունելու և կրթելու իրավունքից. հայտնել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության դեպարտամենտը։
Կառույցի ղեկավար Քրիստի Նոեմը հրաման է արձակել չեղարկելու Հարվարդի համալսարանի՝ ուսանողների փոխանակման ծրագիր իրականացնելու վկայագիրը:
Օտարերկրացիները, որ ցանկանում են սովորել ԱՄՆ-ում, պետք է ստանան F կամ M դասի վիզա: Իսկ վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթեր կարող են տրամադրել Մմիայն այն կրթական հաստատությունները, որոնք ստացել են Ուսանողների և փոխանակման ծրագրերի մասնակիցների ընդունման վկայագիր։ Սա նշանակում է, որ Հարվարդի համալսարանն այլևս չի կարող ընդունել օտարերկրյա ուսանողների:
Ովքեր արդեն սովորում են Հարվարդում, ստիպված կլինեն տեղափոխվել այլ համալսարան՝ շարունակելու ուսումը, հակառակ դեպքում նրանք կկորցնեն երկրում մնալու իրավունքը:
Նախորդ ուսումնական տարում Հարվարդում սովորել է մոտ 7000 օտարերկրյա ուսանող, ինչը կազմում է ընդհանուր ուսանողների 27.2%-ը:
«Վարչակազմը Հարվարդին պատասխանատու է համարում բռնության հրահրման, հակասեմականության և Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կապերի համար», - հայտարարել է Քրիստի Նոեմը՝ ընդգծելով, որ օտարերկրյա ուսանողներ ընդունելը և նրանցից ավելի բարձր ուսման վարձ ստանալը համալսարանների համար «պատիվ է, այլ ոչ թե իրավունք»: