հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հանդիպել են Մակրոնն ու Բլինքենը

Հանդիպել են Մակրոնն ու Բլինքենը

Փարիզում երկու երկրների լարվածության ֆոնին հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, տեղեկացնում է Le Parisien-ը:

Ինչպես հայտնել է Մակրոնի վարչակազմը՝ հանդիպման նպատակն է վերականգնել վստահությունը Վաշինգտոնի հետ հարաբերություններում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին:

Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ:

Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը:

 

  • Կիսվել: