հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Համազգային գործադուլ՝ Իտալիայում

Համազգային գործադուլ՝ Իտալիայում

Իտալիայում համազգային գործադուլ է անցկացվում, որը հիմնականում տարածվում է տրանսպորտային հատվածի, ինչպես նաև պետական ​​հիմնարկությունների, այդ թվում՝ դպրոցների վրա։ Այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով արհմիությունների հայտարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ մի շարք արհմիություններ նաև բողոքի ակցիա են հայտարարել «Պաղեստինում ցեղասպանության, Իսրայելին զենքի մատակարարումների, պատերազմի տնտեսության ու ռազմական ծախսերի աճի» դեմ:

Բողոքի մասնակիցները հայտարարում են աշխատանքի շահագործման, անարդար վարձատրության, հստակ արդյունաբերական քաղաքականության բացակայության մասին, ինչպես նաև կոչ են անում ժամում նվազագույն աշխատավարձը սահմանել ոչ պակաս, քան 12 եվրոյի մակարդակում:

Բացի դրանից՝ բողոքողները կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իսրայելի հետ:

Ըստ La Repubblica թերթի՝ ավելի քան 80 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Նեապոլում, Ջենովայում և Պալերմոյում, կանցկացվեն երթեր: Միայն մայրաքաղաքում սպասվում է տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցություն:

Բողոքի ակցիային ակտիվորեն աջակցում են նավահանգիստների աշխատողները, ինչպես նաև առաջատար համալսարանները: Պաղեստինին աջակցության ցույցերին, որպես կանոն, ակտիվորեն մասնակցում են ուսանողները:

Օրվա ընթացքում զգալի դժվարություններ են սպասվում խոշոր քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցման և երթերի հետևանքով ճանապարհների փակման պատճառով։Ներկայիս գործադուլը արտահայտված հակակառավարական բնույթ է կրում։

Ցուցարարները հանդես են գալիս «Ամեն ինչ արգելափակեք» կարգախոսով՝ կրկնելով Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի դեմ վերջերս տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի կարգախոսները։

  • Կիսվել: